Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ /26.11.2012թ./
ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ /26.11.2012թ./
There are no translations available.

Հարգարժան գլխավոր դատախազ, հարգելի գործընկերներ, ներկաներ,
Լեռնային Ղարաբաղի դատախազությունը` որպես պետական առանձնահատուկ գործառույթներ իրականացնող մարմին, ստեղծվելով 88 տարի առաջ` 1924թ. նոյեմբերի 26-ին, պատմական տարբեր ժամանակահատվածներում միշտ էլ պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները:
Այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը, իրականացնելով իրեն վերապահված սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները, ելնելով դատախազության առջև դրված  խնդիրներից, որոշակի աշխատանքներ է կատարում հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետությունը բարձրացնելու, դրանց կանխարգելման միջոցառումները ակտիվացնելու, անձի ու քաղաքացու  խախտված իրավունքները վերականգնելու և պետության գույքային շահերը  պաշտպանելու ուղղությամբ:

 


Պետականաշինության և պետության ամրապնդման գործում օրենքի գերակայությունը խոսքից գործ դարձնելու ուղեգծի իրագործմամբ էր պայմանավորված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, որի արդյունքում ընդունվեց և դեռ 2009թ. հունվարի 1-ից ուժի մեջ դրվեց <Դատախազության մասին> ԼՂՀ նոր օրենքը: Ձևավորված օրենսդրական նոր դաշտում դատախազությունը թևակոխեց գործունեության միանգամայն նոր փուլ: Նախ, օրենքի պահանջներից ելնելով,  դատախազությունում իրականացվեցին կառուցվածքային անհրաժեշտ փոփոխություններ ու ձևավորվեց գործունեության նոր ոճ:  Ի թիվս նորաստեղծ ու վերաձևավորված մյուս բաժինների, մասնավորապես դատախազության նախկին քննչական բաժնի բազայի հիման վրա ստեղծվեց կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժին, որով հիմք դրվեց այս բնագավառում պայքարի նոր մարտավարության, որի արդյունքում ակտիվացվել է կոռուպցիոն երևույթների ու հանցագործությունների դեմ պայքարը և որպես արդյունք` պետական կառավարման համակարգի ամենատարբեր բնագավառներում նվազել են կոռուպցիոն ռիսկերը: Ողջունելի է, որ այդ բնագավառում ԼՂՀ դատախազությունը ներդաշնակ համագործակցություն է ապահովում հանրապետության իրավապահ մյուս մարմինների` ԼՂՀ ոստիկանության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության, ԼՂՀ Հարկային պետական ծառայության հետ, ինչպես նաև Հուշագիր-համաձայնագրերի շրջանակներում համագործակցում է ԼՂՀ Վերահսկիչ պալատի ու Հայաստանի Հանրապետության դատախազության  հետ: Գոհացուցիչ է, որ նշված համագործակցությունը առավել ակտիվացել է հատկապես վերջին տարիներին ու իր պրակտիկ արդյունքները տվել: Կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում դատախազությունը ցուցաբերել է օրինակելի վարք ու իր շարքերում այդպիսի երևույթները արմատախիլ արել հենց առաջինը: Դրան հասնելու համար նպաստավոր էր նաև կոլեկտիվում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, աշխատանքային պայմանների բարելավումը: <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի համաձայն գլխավոր դատախազությունում ստեղծվել է նոր` Հատուկ քննչական բաժինը: Այս բաժնի առաքելության առանձնահատկությունը նրանում է, որ այն կոչված է իրականացնելու օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը, ինչն ուղղված է ապահովելու օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի լիարժեք իրացումը:  

Պետականաշինության և ժողովրդավարական պետության ամրապնդան և զարգացման գործում կարևոր է նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական գործունեության ակտիվացումը, ինչը համապատասխան խնդիրներ է առաջադրում համակարգին:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության կողմից իրականացված լուրջ աշխատանքների մասին է վկայում վերջին 4 տարվա ընթացքում պետական բյուջե 502.5 մլն. դրամ  վերականգնելու փաստը, որից 174.5 մլն. դրամը բռնագանձվել է դատարանների կողմից քննարկված հայցերի հիման վրա: Հարկ է ընդգծել, որ վերջին տարիներին նշված ոլորտում հարուցված քրեական գործերի թվի նվազման հետ մեկտեղ  աճել է պետական բյուջե վերականգնված գումարի չափը, ինչը վկայում է այդ ոլորտում քրեական հետապնդման հետ չկապված դատախազական ներգործության միջոցների արդյունավետության բարձրացման մասին:
Հետաքննության ու նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, որպես սահմանադրական լիազորություն, իրականացվում է օրենքով սահմանված կարգով և լրիվ ծավալով, որի արդյունքում որոշակիորեն բարձրացել է նախաքննության որակը:
Շոշափելի հաջողություններ են արձանագրվել գրեթե բոլոր հանցատեսակների դեմ պայքարում, որի արդյունքում հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների թիվը վերջին 4 տարում 673-ից նվազել ու հասել է 368-ի: Դատախազների կողմից մեղադրանքի պաշտպանության որակի բարձրացումը և պատժի միասնական քաղաքականության ձևավորումը ևս նպաստել են հանցագործությունների թվի նվազմանը և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրագործմանը:
Վերջին տարիներին արմատավորված դատախազական նոր գործելաոճը, այդ թվում գործուն թափանցիկությունը հանգեցրել են համակարգի նկատմամբ քաղաքացիների կողմից առարկայական վստահության ձևավորմանը, ինչի մասին են վկայում դատախազությանն ուղղված դիմումների քանակի և ընդունելությունների թվի աճը:
Դատախազության մարմիններում պահպանվում է արդեն իսկ ձևավորված դրական կադրային քաղաքականությունը և համակարգը համալրվում է բացառապես տեսական գիտելիքներով, բարձր պրոֆեսիոնալ ունակություններով ու բարոյական արժեքներով օժտված կադրերով:
Անհրաժեշտ է նշել, որ հանրապետության իշխանությունները հոգատար մոտեցում են ցուցաբերում դատախազության համակարգի խնդիրների նկատմամբ, ուշադրության կենտրոնում են համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրները, դատախազությունում աշխատանքային պայմանների բարելավումը:
Դատախազության աշխատակիցները, գիտակցելով երկրի առջև ծառացած խնդիրների հրատապությունը, բարձր պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց վստահված պարտականություններին, աշխատելով ի բարօրություն և ի շահ մեր երիտասարդ պետության:

 

 

 

Օրացույց

<November 2012>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
19202122232425
27282930  

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter