Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՒՄԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏՈՒՄ /17.12.2014թ./
ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՒՄԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏՈՒՄ /17.12.2014թ./
There are no translations available.

Մեծարգո՛ Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Գերաշնորհ Սրբազան Հայր, հարգարժա՛ն գլխավոր դատախազ Հայաստանի Հանրապետության, հարգելի պետական այրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք
Հոբելյանը նշելը սոսկ տոնակատարություն չէ, այն նաև յուրօրինակ հաշվետվություն է` երեկվա, այսօրվա ու վաղվա հրամայականների հստակ համադրումով: Արցախի դատախազությունը այն եզակի պետական կառույցներից է, որն իննսուն տարի առաջ ստեղծվելով նախկին ինքնավար մարզում` նշանակալից դերակատարություն է ունեցել երկրամասում իրավակարգի պահպանման գործում: Հետահայաց գնահատելով դատախազության անցած ճանապարհը` կարող ենք միանշանակորեն ասել, որ օրինապահ այս կառույցը բովանդակալից կենսուղի է անցել:

Անվիճելի փաստ է, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից, շուրջ 70 տարի, Լեռնային Ղարաբաղում իրականացվում էր բացահայտ հակահայ քաղաքականություն, որն իր արտացոլումը գտավ նաև դատաիրավական բնագավառում: Փորձ արվեց, և հատկապես ստալինյան բռնապետության ժամանակաշրջանում, հայերի նկատմամբ հետևողական հաշվեհարդար տեսնել հենց հայ իրավապահների ձեռքով: Հետստալինյան շրջանում ևս շարունակվեց այդ քաղաքականությունը, որի հեռագնա նպատակն Արցախի ամբողջական հայաթափումն էր: Կրկնակի ենթակայությունը Մոսկվային և Բաքվին, ԼՂ մարզային դատախազության աշխատակիցների համար դժվարություններ էր ստեղծում, ամենից առաջ, հայ արմատական բնակչության ազգային շահերի բացահայտ անտեսմամբ: Բառի ուղղակի իմաստով` օրենքի անհրաժեշտությունը հաճախ ստորադասվում էր կեղծ ինտերնացիոնալիզմին:
Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի մարզային դատախազության արխիվը չի պահպանվել. դրա մի մասը ժամանակին Բաքու է տեղափովել, իսկ մի մասն էլ այրվել է Արցախյան պատերազմի ժամանակ` դատախազության շենքի հրթիռակոծման հետևանքով: Այդուհանդերձ, այսօր կարող ենք վերապատկերել այն բոլոր դժվարությունները, որոնք ծառացած էին ավագ սերնդի մեր գործընկերների առաջ, ովքեր բարոյահոգեբանական ծանր պայմաններում կարողացել են Արցախում օրինականություն ու իրավակարգ ապահովել:
Արցախյան շարժման սկզբնափուլը նոր փորձությունների շրջան էր դատախազության համար: Տվյալ ժամանակաշրջանում ԼՂԻՄ դատախազությունը Ադրբեջանի համապատասխան կառույցի կազմից հանելն ու ԽՍՀՄ դատախազության անմիջական ենթակայության տակ դնելը, ըստ էության, համակարգը Կենտրոնի քմահաճույքներին ծառայեցնելու անհեռանկար քայլ էր, որը ձախողվեց, քանզի խեղաթյուրվում էր արցախցիների` ազատ կամարտահայտության վրա հիմնված պայքարի իրական նպատակը: Եվ միայն անկախության հռչակումից հետո, պետական մյուս ինստիտուտների ձևավորմանը համընթաց, որպես ինքնուրույն կառույց ստեղծվեց ԼՂՀ դատախազությունը: Այսօր մեր շարքերում կան մարդիկ, ովքեր այն դժնդակ օրերին կանգնած են եղել հանցավորության դեմ պայքարի խրամատներում` օրինապահ գործունեությունը համատեղելով հայրենիքի պաշտպանության սուրբ գործի հետ: Հարգա՛նք ու գնահատա՛նք նրանց:
1994թ. մայիսին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ճակատում կնքված զինադադարը հնարավորություն ընձեռեց համապարփակ ձևով ձեռնամուխ լինելու պետականաշինության գործընթացին, որի առաջնահերթություններից մեկն էլ իրավական պետության ստեղծումն էր: Այդ շրջանակում, նաև «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի պահանջներից ելնելով, վերաձևավորվեց դատախազությունը: Հաջողությամբ հաղթահարվեցին անցումային շրջանի դժվարությունները, երկրի ընդհանուր առաջընթացի մեջ շոշափելի դարձավ դատախազության մարմինների աշխատանքի արդյունավետությունը:
Ճիշտ գնահատելով ժամանակի մարտահրավերները, ինչպես մյուս կենսական բնագավառներում, դատաիրավական բնագավառում ևս լուրջ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն առաջացավ: Դրանք միտված էին հանրապետությունում օրենքի գերակայմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ապահովմանը, սոցիալական արդարության հաստատմանը: Առաջին գործնական քայլերից մեկը «Դատախազության մասին» նոր օրենքի ընդունումն էր, որը գործողության մեջ մտավ 2009 թվականի հունվարի 1-ից: Կարևորվեց դատախազության` որպես յուրահատուկ գործառույթ իրականացնող պետական մարմնի, դերի բարձրացումը: Գլխավոր նշանակետերից մեկը հակակոռուպցիոն ռազմավարության որդեգրումն էր, հանրապետությունում կոռուպցիայի տարածմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացումը, որի շնորհիվ հնարավոր եղավ Արցախում ձևավորել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, նպաստել ազատ տնտեսական մրցակցությանը, խթանել տնտեսության զարգացմանն ու աղքատության վերացմանն ուղղված նախաձեռնությունները:
ԼՂՀ դատախազության մարմինները ակտիվ մասնակցություն ունենալով համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացում, միաժամանակ իրենց մասնագիտական կարողությունների շրջանակում մասնակցել են նոր օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը: Հատկանշական է, որ «Դատախազության մասին» ներկայումս գործող օրենքը, ԼՂՀ քրեական, քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերն ընդունելիս` նկատի են առնվել նաև դատախազության կողմից ներկայացված առաջարկությունները:
Անկասկած, ձեռքբերումներով ուրախանալու առիթներ ունենք, և դա բոլորիս աշխատանքի արդյունքն է, բայց կա նաև այն բանի հստակ գիտակցումը, որ անելիքները նույնպես քիչ չեն: Մենք պարտավորություն ունենք բարձրացնելու այն նշաձողը, որը դրել ենք Արցախում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործընթացում: Եվ դա պիտի անենք իրավապահ և հսկողական գործառույթներ իրականացնող մյուս պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ: Այս հրամայականով ԼՂՀ դատախազությունը վերջին տարիներին ակտիվ փոխգործակցություն է ծավալել, մասնավորապես, ԼՂՀ վերահսկիչ պալատի և ՀՀ դատախազության հետ: Երկու հայկական պետությունների դատախազությունների միջև 2009 թվականի դեկտեմբերին կնքված Հուշագիր-Համաձայնագիրը մեզ այսօր հնարավորություն է տալիս ընդհանուր շահեր ներկայացնող շփումներ ունենալ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ղազախստանի և այլ պետությունների դատախազությունների հետ:
ժամանակը նոր մարտահրավերներ է թելադրում` առաջնահերթելով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության ուժեղացումը, քրեական գործերի քննության որակի բարձրացումը, յուրաքանչյուր դատախազի և, առհասարակ, ամբողջ համակարգի հանդեպ հանրային վստահության պաշարի ձևավորումը: Պետության շահը նաև քաղաքացու շահն է, որի խելամիտ համադրումը պետք է ուղենիշ դառնա դատախազության մարմինների հետագա գործունեության համար: Օրենքի առաջ համահավասարության սկզբունքի լիարժեք ապահովումը այն հենակետն է, որի վրա են խարսխվում արդարությունն ու օրինականությունը: Այս սկզբունքի անվերապահ կիրառմամբ է, որ դատախազությունն օրենքով սահմանված գործառույթներ իրականացնելիս` չի վերածվում պատժիչ մարմնի:
Օրենքի գերակայությունն Արցախում այլընտրանք չունի. սա է հուշում նաև անցած ինը տասնամյակների հարուստ փորձը, որը համոզված եմ` ձեր բոլորի նվիրյալ մասնակցությամբ ու աջակցությամբ ավելի կհարստանա` ի բարօրություն և ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
Շնորհակալություն:

 

Օրացույց

<December 2014>
MoTuWeThFrSaSu
1234567
891011121314
151617192021
22232425262728
293031    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter