Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԼՂՀ դատախազություն
ԼՂՀ դատախազության գործառույթները
There are no translations available.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը գործում է ԼՂՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի հիման վրա:
<Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ԼՂՀ դատախազության լիազորություններն են`
 
1)         հարուցել և իրականացնել քրեական հետապնդում.
2)         հսկողություն իրականացնել հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3)         դատարանում պաշտպանել մեղադրանքը.
4)         պետական շահերի պաշտպաության հայց հարուցել դատարան.
5)         բողոքարկել դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6)         հսկողություն իրականացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
 
 
1. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցել և իրականացնել քրեական հետապնդում
1) Քրեական հետապնդման հարուցման և իրականացման կարգն ու հիմքերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով.
2) Դատախազության համակարգում քրեական գործերով նախաքննությունը օրենքով սահմանված կարգով իրականացնում է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը:
3) Քննիչի կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները:
 
2.Հսկողություն իրականացնել նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ
Դատախազական հսկողությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ ընդգրկում է քրեական դատավարական մինչդատական փուլն ամբողջությամբ, որպեսզի ոչ մի ամեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի, ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման, հանցանք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի:
 
3.Դատարաններում պաշտպանել մեղադրանքը
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների:
Մեղադրանքը պաշտպանող դատախազի մասնակցությունը պարտադիր է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում գործի քննությանը, այդ թվում` նախնական լսումներին:
Դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտավոր է հրաժարվել մեղադրանքից: Դատարանում մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:
Եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ,որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, դատախազն իրավունք ունի միջնորդություն ներկայացնել դատարան` արարքը վերավորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական գործուղություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար:
Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Ամբաստանյալի կամ նրա պաշտպանի, տուժողի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը պարտավոր է հետաձգել նիստը` նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամկետ տրամադրելու նպատակով: 
 
4.         Պետական շահերի պաշտպանության հայց հարուցել
1.Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`
 
1)         քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2)         վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3)         քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:
 
2. Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`
1)         իր լիազուրություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի խախտմանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ`
2)         պետական շահեիի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավապման մարմնի, կամ`
3)         դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ`
4)         հանցագործությամբ ուղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ`
5)         պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը /այսուհետ` կառավարություն/ լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպությանը:
3. Սույն հոդվաի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազը պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:
4. Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետության շահերի պաշտպանության հայց հարուցելու համար, ապա իրավունք ունի մինչև հայց հարուցելը նախազգուշացնելու պետության շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին:
5.Սույն հոդվածի իմաստով հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքներն ու պարտկանությունները իրականացնելը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին, դիմողին կամ պատասխանողին:
6.Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի առկայության դեպքում նյութեր նախապատրաստելու նպատակով դատախազն իրավունք ունի իր որոշմամբ`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու, պահանջելու և ստանալու իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ,
2)    պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու բացատրություններ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները դատախազն իրականացնում է, երբ պետական շահերի խախտման փաստի մասին տեղեկատվության աղբյուրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահն է, կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հարապետության վերահսկիչ պալատը, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը, կամ Ազգային ժողովը` հարցապնդումների քննարկման արդյունքում ընդունված որոշմամբ:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները չպետք է դուրս գան պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակից:
 
 
5.         Բողոքարկել դատական ակտերը` վճիռները, դատավճռները, որոշումները
1.         Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է:
2.         Դատարանների քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատախազը:
3.         Դատարանների քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:
4.         Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ`այլ դատախազ:
5.         Քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական հայցի մասով դատախազի կողմից կարող է բողոքարկվել, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:
6.         Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազն ու նրա տեղակալները: Ընդ որում, քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը գլխավոր դատախազն ու նրա տեղակալները կարող են բողոքարկել անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից:
7.         Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:
8.         Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու գործի նյութերին, ստաալու գործի նյութերի պատճենը: 
 
 
6.Հսկողություն իրականացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ
Այս լիազորությունն իրականացնելիս դատախազն իրավունք ունի`
 
1)         ցանկացած ժամանակ անարգել այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք.
2)         ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների.
3)         ստուգելու պատիժները և հարկադրանքի այլ միջոցները կիրառող մարմինների վարչակազմերի պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն հրամանների, կար•ադրությունների և որոշումների համապատասխանատվությունը գործող օրինականությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս` դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ դատախազի կարծիքով հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու.
4)         հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.
5)         անհապաղ ազատելու ազատազրկման վայրերում, ինչպես նաև այդ վայրերի տուգանային և կարգապահական մեկուսարաններում ապօրինի պահվող անձանց, իսկ եթե անձը ազատությունից զրկվել է ազատազրկման վայրի վարչակազմի իրավական ակտի հիման վրա, ապա դատախազի կարգադրությամբ ակտը կայացրած անձը պարտավոր է անհապաղ վերացնելել իր ակտը.
6)         պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների և ազատությունների խախտման կասկածի դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:
Դատախազը մասնակցում է դատապարտյալին պատժի կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում:
 
 
Իրենց լիազորությունները կատարելիս դատախազության մարմիններն անկախ են:
Յուրաքանչյուր դատախազ և քննիչ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է իր ընդունված որոշումների համար:
<Դատախազության   մասին> ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` դատախազի և քննիչի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է:
Դատախազը, քննիչը պարտավոր չեն բացատրություններ տալ իրենց վարույթում գտնվող գործերի վերաբերյալ:
Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին, ինպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:
<Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` դատախազը և քննիչը չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը և քննիչը ցանկացած հանգամանքներում պարտավոր են դրսևորել զսպվածություն և չեզոքություն:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատախազը և քննիչը կարող են մասնակցել միայն որպես ընտրող: Դատախազը և քննիչը չեն կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:
 
 
Գլխավոր դատախազը
ԼՂՀ գլխավոր դատախազը վերադաս է ԼՂՀ դատախազության բոլոր աշխատակիցների նկատմամբ:
<Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն`
1.Գլխավոր դատախազը
1)         իրականացնում է դատախազության ղեկավարումը.
2)         սահմանում է դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման քաղաքականությունը և ապահովում դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
3)         կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.
4)         հաստատում է դատախազության կառուցվածքը, սահմանում է գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների շրջանակը.
5)         սահմանում է դատախազության հաստիքների քանակը` օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում.
6)         օրենքով նախատեսված կարգով նշանակում և ազատում է դատախազներին և քննիչներին.
7)         Հանրապետության Նախագահին առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազի տեղակալների նշանակման և ազատման վերաբերյալ.
8)         հաստատում և փոփոխում է դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.
9)         իրականացնում է <Դատախազության աշխատակազմ> պետական կառավարչական հիմնարկի հիմնադրին օրենքով վերապահված լիազորություններ.
10)       հաստատում է դատախազության աշխատակազմի կանոնադրությունը.
11)       իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր, իսկ օրենքով ուղակիորեն նախատեսված դեպքերում` նորմատիվ իրավական ակտեր.
12)       հաստատում է <Դատախազի վարքագծի> կանոնադրությունը.
13)       կարող է ստեղծել գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ, սահմանել նրանց գործունեության կարգը.
14)       հսկողություն է իրականացնում քննիչների կողմից իրականացվող նախաքննության նկատմամբ կամ դրա համար լիազորում է այլ դատախազի.
15)       իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 118-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:
3.Գլխավոր դատախազը դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով օրենքով սահմանված կարգով դիմում է Գերագույն դատարանի սահմանադրական պալատ, Գերագույն դատարանում մասնակցում է գործի քննությանը կամ գործի քննությանը մասնակցելու համար նշանակում է ներկայացուցիչ:
 
ԼՂՀ գլխավոր դատախազը ԼՂՀ դատախազության կոլեգիայի նախագահն է:

 


Օրացույց

<December 2017>
MoTuWeThFrSaSu
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter