ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն

ՙ 09 ՚   հուլիսի   2010թ.                          N   13                                 ք. Ստեփանակերտ



ԼԵՌՆԱՅԻՆ    ՂԱՐԱԲԱՂԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ   ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ   ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ  ԿԱՐԳԸ   ՀԱՍՏԱՏԵԼՈՒ   ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՙԴատախազության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի  61-րդ  հոդվածի  4-րդ մասը,  62-րդ հոդվածը, ՙԴատական ծառայության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի  27-րդ  հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝


Հ ր ա մ ա յ ու մ  եմ՝


1.    Հաստատել ԼՂՀ դատախազության աշխատակազմի պետական ծառայողների  վերապատրաստում անցնելու կարգը` համաձայն հավելվածի (կցվում է)։
2.    Սույն հրամանի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը դնել ԼՂՀ  դատախազության աշխատակազմի ղեկավար Վ.Վ.Ավագիմյանի վրա:
3.    Հրամանն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ գլխավոր դատախազության բաժինների պետերին, ԼՂՀ քաղշրջդատախազներին և ԼՂՀ դատախազության աշխատակազմի ղեկավարին:
4.    Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:



     Արդարադատության երկրորդ դասի
     պետական խորհրդական                                                 Ա.Ս.Ղարամյան


                                                                  

Հավելված
                                                                   ԼՂՀ գլխավոր դատախազի
                                                                                          ՙ 09 ՚ հուլիսի   2010թ.  N 13_ հրամանի

 

Կ Ա Ր Գ


ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՊԵՏԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 


1.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ



1.Սույն  կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության  աշխատակազմի  պետական ծառայողների  (այսուհետ՝  պետական ծառայողներ)  վերապատրաստման հետ կապված հարաբերությունները։
2.Պետական ծառայողների վերապատրաստումը   նրանց   մասնագիտական  գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական  կատարելագործումն է՝  գիտելիքների բարձրացման, գործնական հմտությունների ձեռք բերման  և զարգացման, ինչպես նաև աշխատանքի բնականոն  գործունեությունն ապահովելու համար  անհրաժեշտ ոլորտների ուսումնասիրության միջոցով։
3.Պետական ծառայողների վերապատրաստումն  իրականացվում է առկա ուսումնական ձևով։
4.Վերապատրաստման  ընթացքում պետական ծառայողն  ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից՝  պետական ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ։

 

1.    ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ   ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


5.Պետական ծառայողները  պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ։
6.Պարտադիր վերապատրաստումը ներառում է դասընթացներ (առնվազն երեսուն ժամ)  և գնահատում։
7.Բացի եռամյա պարբերականությամբ վերապատրաստումից, պետական ծառայողները վերապատրաստվում են նաև հետևյալ դեպքերում.
ա) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը  փոփոխվելու դեպքում 
բ) պետական ծառայության այլ պաշտոնի  տեղափոխվելու դեպքում
գ) առաջին անգամ պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում։
8.Սույն կարգի  7-րդ  կետով սահմանված վերապատրաստումը անցկացվում է յուրաքանչյուր տարի։
9.Պետական ծառայողների վերապատրաստման  հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված  այլ միջոցների հաշվին։
10.Պետական ծառայողների վերապատրաստման գործընթացը կանոնակարգում, կազմակերպում և համակարգում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմը՝  (այսուհետ՝ դատախազության աշխատակազմ)  ,,Գնումների մասին,,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
11. Դատախազության աշխատակազմը կարող է կազմակերպել  պետական ծառայողների վերապատրաստումը ՀՀ ՙԴատախազության դպրոց՚ պետական ոչ առևտրային կազմակերպության  միջոցով կամ համապատասխան ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն)՝ սույն կարգում նշված ուսումնական ծրագրերի շրջանակներում և իրավական այլ ակտերին համապատասխան։
12.Վերապատրաստումների միջև ընկած ժամանակաշրջանում  վերապատրաստման հատուկ դասընթացների անցկացման դեպքում (համակարգչային, հաշվապահական և այլն)‚ այդ դասընթացները կարող են  հաշվառվել պետական ծառայողի  ընդհանուր վերապատրաստման  ժամաքանակում։
 

3.ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ


13.Դատախազության աշխատակազմը յուրաքանչյուր տարի, մինչև փետրվարի 1-ը  Գլխավոր դատախազի հաստատմանն է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա  պետական ծառայողների ցուցակը։
14.Հաստատված ցուցակների հիման վրա դատախազության աշխատակազմը  կազմում է պետական ծառայողների վերապատրաստման ընդհանուր ժամանակացույց։ 
15.Պետական ծառայողները վերապատրաստման դասընթացներ են անցնում  ըստ վերապատրաստման ընդհանուր ժամանակացույցում նշված խմբերի։ Խմբերում  կարող է ընդգրկվել ոչ ավել, քան 20 պետական ծառայող։
16.Վերապատրաստման դասընթացներին պետական ծառայողների խմբերում  անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կարող է կատարել  դատախազության աշխատակազմի ղեկավարը։
17.Դատախազության աշխատակազմի  ստորաբաժանումներին վերաբերող  ժամանակացույցի հատվածը դատախազության աշխատակազմի ղեկավարը տրամադրում է համապատասխան  ստորաբաժանման ղեկավարին‚ ոչ ուշ, քան դասընթացները սկսվելուց 20 օր առաջ։
18.Դատախազության աշխատակազմի  ստորաբաժանումների ղեկավարները, դասընթացների  ժամանակացույցին համապատասխան,  ապահովում են պետական ծառայողների ներկայությունը վերապատրաստման դասընթացներին։
 

4.ՈՒՍՈՒՑՄԱՆ  ԾՐԱԳՐԵՐԸ


19.Պետական ծառայողների վերապատրաստումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազի (այսուհետ՝ Գլխավոր դատախազ)  և համապատասխան ուսումնական հաստատության կողմից հաստատված ընդհանուր ուսումնական ծրագրով։
20.Ուսումնական ծրագրերը նպատակաուղղված են ուսուցման միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը՝ կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը։
21. Ծրագիրը պետք է առնվազն ներառի՝
1) կրթական չափորոշիչները,
2) ուսումնառության ժամկետը,
3) միջոցները և մեթոդները,
4) ուսուցման ձևը։
22. Ուսումնական ծրագրերի կատարումն ապահովելու համար կազմվում է ուսումնական պլան։
 


5.ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
     

                                           
23.Վերապատրաստման  դասընթացների ավարտին ունկնդիրը հանձնում է ստուգարք, որի արդյունքում որոշում է կայացվում պետական ծառայողի կողմից վերապատրաստումն անցած կամ չանցած համարելու մասին ։
24.Վերապատրաստման արդյունքներով ստուգարքը հանձնվում է միայն մատուցված վերապատրաստման նյութի շրջանակներում՝  բանավոր հարցազրույցի  եղանակով։
25.Վերապատրաստման հատուկ դասընթացների (համակարգչային, հաշվապահական և այլն) արդյունքների գնահատումը կատարվում է ընդհանուր կարգով։
26.Վերապատրաստում անցած պետական ծառայողին տրվում է ավարտական վկայական (այսուհետ՝ վկայական)։
27. Վերապատրաստման արդյունքում ստացված  վկայականի պատճենը կցվում է պետական ծառայողի անձնական գործին։
 


6. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ  ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


28.Վերապատրաստման դասընթացների ավելի քան  մեկ երրորդին պետական ծառայողի բացակայության դեպքում,  չգնահատված վերապատրաստման  արդյունքը  համարվում է բացասական։
29.Վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին պետական ծառայողի  հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն և այլն)՝ նրան հնարավորություն է տրվում մասնակցելու  նույն ծրագրի հաջորդ դասընթացներից որևէ մեկին։
30.Պետական ծառայողների վերապատրաստման ժամանակ համապատասխան ուսումնական հաստատությունը պետք է վարի վերապատրաստվողների հաճախելիության մատյան, որտեղ վերապատրաստման դասընթացի յուրաքանչյուր օրվա համար  նշվում է վերապատրաստվողի ներկա կամ բացակա լինելը և հաշվարկվում է նրանց ունկնդրած  ծրագրի ժամաքանակը։
31.Վերապատրաստման արդյունքների վերաբերյալ դատախազության աշխատակազմի կողմից վարվում է հաշվառման մատյան, որտեղ նշվում է  վերապատրաստված  պետական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման   արդյունքում ստացված փաստաթղթի համարը։
 


7.ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


32.Պետական ծառայողների վերապատրաստումը անցեկացվում  ԼՂՀ դատախազության օրենքի  66-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում։
33.Առաջին վերապատրաստումը ներառում է առնվազն 15 ժամ դասընթացներ և գնահատում։

 

Օրացույց

<Հունվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
      1
2345678
9101112131415
161718192022
23242526272829
3031     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter